ՔԶԱԿ Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների տարածաշրջանային հանդիպում Երևանում

Հունիսի 11-12-ը Երևանում կայացել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) Արևելյան Եվրոպայի երկրների ազգային մարմինների տարածաշրջանային 24-րդ հանդիպումը: Այդ մասին ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել:

ՔԶԱԿ-ը ծառայում է որպես հարթակ՝ ամրապնդելու ազգային մարմինների միջև համագործակցությունը, նպաստելու լավագույն փորձի փոխանակմանը, ինչպես նաև բարձրացնելու Քիմիական զենքի կոնվենցիայի (Կոնվենցիայի) արդյունավետ և շարունակական իրականացման կարողությունները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Արման Հովհաննիսյանը և ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության միջազգային համագործակցության և օժանդակության ստորաբաժանման կիրարկման աջակցության բաժնի ղեկավար Բեատրիս Լահուպը:

Արման Հովհաննիսյանը իր խոսքում կարևորել է Կոնվենցիայի նպատակների իրականացմանն ուղղված ջանքերի շարունակականության ապահովումը և վերահաստատել Հայաստանի վճռական հանձնառությունն ամբողջությամբ բացառելու քիմիական զենքի կամ հարակից վտանգավոր նյութերի կիրառման հնարավորությունը:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՔԶԱԿ տեխնիկական քարտուղարության ներկայացուցիչները ներկայացրել են Կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը և կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները, իսկ ազգային ելույթներով հանդես են եկել Հայաստանի, Խորվաթիայի, Չեխիայի, Սերբիայի, Սլովենիայի, Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Ազգային մարմինների տարածաշրջանային հանդիպմանը՝ հունիսի 13-ին, հաջորդել է Հայաստանի ազգային մարմնի կազմում ներառված ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչների համար կազմակերպված իրազեկման միջոցառումը:

You may also like...