Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում ևս մեկ գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությանը:

«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»,- գրել է նա:

Նշենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանը հարցազրույց էր տվել և կարծիք հայտնել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների մասին՝ նշելով.

«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։

Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Նրա այս գրառմանն արձագանքել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ գրառման մեջ էլ Փաշինյանը գրել էր. «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։

Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»:

Ինչպես հայտնել ենք, հատուկջոկատայինները խուզարկություններ են իրականացրել գործարար, «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Երևանում գտնվող տանը։

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը  փոխանցել է, որ իրականացվում են օպերատիվ գործողություններ, մի խումբ անձինք բերման են ենթարկվել:

Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, հայտնել է, որ գործարարն այս պահին ձերբակալված չէ:

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի ամենահարուստ հայազգի գործարարներից է, նրա կարողությունը տարբեր հաշվարկներով գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար։

You may also like...