Ճգնաժամային կառավարում է հիմա, ունեմ քաղաքական զսպվածություն. Գյումրու քաղաքապետարանի հին ու նոր պաշտոնյաները

Կառավարումը ճգնաժամային, նշանակումները՝ կամային, նոր դեմքեր ու հին անուններ՝ նոր պաշտոններում՝ Գյումրու քաղաքապետարանում:

Մայիսի 20-ից պաշտոնապես քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Մալխասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է՝  աշխատում են ծանրաբեռնված, այս պահին իրականացնում են ճգնաժամային կառավարում:

«Աշխատանքը ծանրաբեռնված է, որովհետև նոյեմբերից գիտենք՝ ինչ զարգացումներ էին, մարդիկ են փոխվել, կուտակված աշխատանքներ կան:

Հիմա իրականացնում ենք ճգնաժամային կառավարում, փորձում ենք քաղաքի շահով առաջնորդվելով՝ քաղաքը բերել բնականոն հունի: Փուլ առ փուլ հունի ենք գցում աշխատանքները, գնում ենք առաջ»,- ասում է Մալխասյանը:

Ինչպե՞ս Գյումրիում «Ապրելու երկիր»-ն իր քաղաքապետի թեկնածուին զիջեց կոմկուսի քաղաքապետին

Կարեն Մալխասյանը նույն ինքը՝ Գյումրու քաղաքապետի աթոռին ամիսներ առաջ հավակնող, արդեն նախկին ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության նախագահը, որը մշտապես աչքի է ընկել իր կուսակցական գաղափարներին չդավաճանելու սկզբունքայնությամբ:

Ինչպե՞ս է այժմ համատեղում «Ապրելու երկիր» և Հայաստանի կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունները: Մեր հարցին Մալխասյանը հստակ պատասխան ունի.

«Իմ սկզբունքները չեն փոխվել, ես սկզբունքային մարդ եմ: Ինչ վերաբերում է աշխատակազմի քարտուղարի պաշտոնին, դա համայնքային ծառայության պաշտոն է, էս պահին ես ունեմ օրենքով պահանջվող քաղաքական զսպվածություն, և հետևաբար իմ գործունեությունը բխելու է համայնքային ծառայության շահերից ու ոլորտից, ես այդ առաջնահերթություններով եմ առաջնորդվում՝ ունենալով քաղաքական զսպվածություն:

Իսկ այն հարցերը, որոնք ես բարձրաձայնել եմ, առաջարկել եմ ու հետամուտ եմ եղել, դրանք բխել են քաղաքի շահից և շարունակելու եմ ներկայացնել: Կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, կլսե՞ն, թե՞ չեն լսի, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Իմ գործընկերներն ըմբռնումով են մոտեցել հարցին, իմ խոսույթը միշտ եղել է քաղաքի շահը: Հիմա ուզեցել եմ իմ մասնագիտական գիտելիքները ծառայեցնել Գյումրուն էս պահին էս պաշտոնում»:

23fcf767-36fe-4cbe-9e83-ac1eb10ee834.jpg (99 KB)

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանի ընտրությունը կանգ առավ հենց Մալխասյանի վրա

«Ապրելու երկիր»-ը ՏԻՄ ընտրություններում 1658 քվե էր ստացել գյումրեցիներից՝ չհաղթահարելով անցողիկ շեմը: Արդեն մայիսի 2-ին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուին հրավիրել է աշխատանքի՝ վստահելով ամենակարևոր պաշտոններից մեկը: Վարդան Ղուկասյանը նաև հստակեցրել էր իր որոշման պատճառը՝ նշելով.

«Հրավիրել եմ աշխատակազմի ղեկավար, բանիմաց տղա է, խելացի անձնավորություն, հարգալից է պահում իրեն»:

Ինչո՞ւ Վարդան Ղուկասյանը հենց Ձեզ ընտրեց հարցին ի պատասխան՝ Մալխասյանը նշեց՝ նախկինում մոտ հարաբերություններ չեն եղել:

«Ես պարոն Ղուկասյանին ճանաչել եմ ինչպես բոլորը՝ բարև, Աստծու բարին. դրանից ավելի մտերմություն, հարաբերություն չի եղել: Պարոն Ղուկասյանը գնահատել է երևի իմ մասնագիտական հմտություններն ու մարդկային որակները, առաջարկ է արել»,- ասաց Մալխասյանը:

Ինչպե՞ս ստանձնել գոյություն չունեցող բաժնի համակարգումը և շնորհակալ լինել Ղուկասյանին

Գործազրկության բարձր հորիզոնականները չլքող Գյումրիում պարզվում է ազատ աշխատատեղեր կան հենց քաղաքապետարանում: Տարիներով չլրացվող թափուր հաստիքներ կան հատկապես իրավաբանական, քաղաքաշինության և այլ պատասխանատու բաժիններում:

Մալխասյանն ասում է՝ ոչ թե դիմողներ չկան, այլ սահմանված պահանջներին չեն համապատասխանում դիմումատուները. կա՛մ փորձը չի հերիքում, կա՛մ մասնագիտական գիտելիքն ու հմտությունը: Կան նաև մասնագետներ, որոնք չեն դիմում՝ հաշվի առնելով համայնքային կառույցի ցածր աշխատավարձը:

Այս թափուր հաստիքների կողքին, սակայն, կան արագ համալրվածներ: Մալխասյանն ասում է՝ մասնագետներն ուղղակի դիմումներ գրել հեռացել են, իսկ քաղաքապետարանը պետք է արագ կարողանա ի մի բերել ուժերն ու արագ անցնել գործի:

Խոսակցություններին, թե քաղաքապետարանում կան բաժիններ, որոնք ավել են, Մալխասյանը համամիտ չէ: Ասում է՝ հակառակը՝ նույնիսկ բաժիններ կան, որոնց կարիքը կա, և դրանք պետք է ավելացնել: Առաջիկայում ավագանու նիստում նոր հաստիքացուցակ կներկայացվի. հաստատվելու դեպքում առավել հստակություն կլինի այս հարցում:

Մալխասյանը մինչև օրենքով շարժվելու մասին է խոսում, որոշ ժամանակ առաջ Արկադի Կիրակոսյանը տեղեկացրել էր, որ Վարդան Ղուկասյանի առաջարկով ստանձնել է տուրիզմի բաժնի համակարգողի պարտականությունները:

Դրանք, ըստ Կիրակոսյանի, ստանձնել է մեծ պատասխանատվությամբ և պարտականության զգացումով, միայն թե քաղաքապետարանն այս պահին նման բաժին չունի:

30fa10db-c8fc-43b5-81d0-742592771bbf.jpg (25 KB)

Արկադի Կիրակոսյանն իր գրառումը հեռացրել է էջից: Մալխասյանն ասում է՝ նման բաժին չունեն, հետևաբար ինքն ընդհանրապես տեղյակ չէ այդ պաշտոնավարումից, ավելին՝ իր իմանալով՝ կառույցում նման աշխատակից էլ չունեն:

Մինչև օրս ով գնացել է, իր դիմումի համաձայն է գնացել

Համայնքային ծառայողների նշանակման համար ըստ Կարեն Մալխասյանի՝ հարցումներ են կատարում կադրերի ռեզերվ, եթե տրամադրում են մասնագետ, ընդունում են, եթե չեն տրամադրում, նոր իրենք իրավունք են ստանում ժամանակավոր պայմանագրեր կնքել այլ մարդկանց հետ մինչև մրցույթի հայտարարման ժամանակահատված:

Նախկիններից ովքե՞ր են մնացել իրենց պաշտոններում հարցին ի պատասխան՝ Մալխասյանը նշեց.

«Էդ խոսույթի մեջ մտնել չեմ ուզում՝ հներ, նորեր, նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, մեր, ձեր: Երբ ես եկել եմ, ստանձնել պաշտոնը, այստեղ բազմաթիվ թափուր պաշտոններ են եղել, մարդիկ գնացել են իրենց դիմումների համաձայն, բայց պետք է նշեմ, որ պետք չէր նման ձևով թողնել գնալ, այլ պետք էր մնալ ու հասկանալ՝ ով կարող էր աշխատել, ով չէ:

Պետք էր սպասել ու հասկանալ. իր մասնագիտական գիտելիքը գուցե գնահատեին: Գյումրին բոլորիս քաղաքն է, և եթե բոլորը նշում էին, թե իրենց շահը Գյումրին է, դրա համար էլ պետք էր մնալ, իսկ գնալու դեպքում էլ շատ բարեխիղճ ընդունել-հանձնելով գնալ:

Մարդիկ չեն սպասել, ոչինչ չեն փոխանցել, աշխատանքից ազատման դիմումներ են միայն ներկայացրել, ու էն բազմաթիվ խնդիրները, որոնք էս ամիսների ընթացքում կուտակված են եղել, էդպես էլ մնացել են, որովհետև ընտրություններ են եղել, չեն հասցրել իրազեկվել, չեն պատկերացրել՝ էդ խնդիրների լուծումը ինչպես է լինելու: Հիմա մենք բախվում ենք էդ խնդրին, բայց, փառք Աստծո, քայլ առ քայլ գնում ենք առաջ:

Մինչև օրս ով գնացել է, իր դիմումի համաձայն է գնացել»:

Ովքե՞ր են պաշտոնավարում այս պահին՝ ըստ կառույցի պաշտոնական կայքի տվյալների

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանն է:

Համայնքի ղեկավարի տեղակալ է նաև Ղուկասյանի հավատարիմ ընկերն ու Գյումրու նախկին փոխքաղաքապետը՝ Գագիկ Մանուկյանը:

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնականի պաշտոնը վստահվել է Կարապետ Ղուկասյանին:

Համայնքի ղեկավարի տեղակալի օգնականը Ալլա Ստեփանյանն է:

Համայնքի ղեկավարի օգնականը Կոլյա Հարությունյանն է:

Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Տոնոյանը:

Ըստ քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալի՝ խորհրդական է նաև Կնյազ Մանասյանը:

Խորհրդականների թվում նշված չէ վերջերս «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ արձակված և այդ պաշտոնում նշանակված Լիլիթ Աղեկյանի տվյալները:

Համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը Հասմիկ Վիրաբյանն է:

Հենրիկ Գասպարյանը շարունակում է մնալ գլխավոր ճարտարապետ:

Գլխավոր ճարտարապետի օգնականը Հովիկ Ղազարյանն է:

Քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժինը պետ չունի, փոխարենը ունի 6 գլխավոր մասնագետ, 3 առաջատար մասնագետ, առաջատար մասնագետի 1 ԺՊ և ևս մեկ 1-ին կարգի մասնագետի ԺՊ:

Անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության և համատիրությունների աշխատանքի համակարգման բաժինը ևս պետ չունի, փոխարենը ունի պետի տեղակալի ԺՊ Արմինե Նահապետյանը: Այստեղ կա 2 գլխավոր մասնագետ, 1 առաջատար և 1 առաջին կարգի մասնագետ:

Իրավաբանական բաժնի պետի ԺՊ-ն Արմենուհի Չախոյանն է: Բաժինն ունի 1 գլխավոր մասնագետ և 1 առաջատար մասնագետի ԺՊ:

Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը պետ չունի, ունի 1-ական գլխավոր և առաջատար մասնագետներ և ևս 1 առաջին կարգի մասնագետի ԺՊ:

Բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժինը ևս պետ չունի: Բաժինը ղեկավարվում է բաժնի պետի տեղակալի, 4 գլխավոր մասնագետի, 1 գլխավոր մասնագետի ԺՊ-ի, 1 առաջատար մասնագետի, 3 առաջատար մասնագետի ԺՊ-ների, 2 առաջին կարգի մասնագետների և 1 առաջին կարգի մասնագետի ԺՊ-ի ջանքերով:

Քաղաքաշինության և հողօգտագործման բաժինը պետ չունի: Կա բաժնի պետի տեղակալ, 4 գլխավոր մասնագետ, առաջատար մասնագետի 1 ԺՊ:

Բյուջեի եկամուտների հավաքագրման բաժինի պետի ԺՊ-ն Շուռիկ Հակոբյանն է:

Առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժինը պետ չունի, ունի 1 գլխավոր մասնագետ և 3 առաջին կարգի մասնագետներ:

Գովազդի բաժինը պետ չունի, փոխարենն ունի 3 առաջատար մասնագետ:

Ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետը Լիլիթ Մուրադյանն է, տեղակալը՝ Գրետա Ջանոյանը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետը շարունակում է մնալ Լիլիթ Թովմասյանը:

Կրթության բաժնի պետը շարունակում է մնալ Շողիկ Ալեքսանյանը:

Մանրամասները՝ սկզբաղբյուրում։

You may also like...