Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում. վարչապետ

Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների. բախումներ չեն լինելու։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հոտը իր սրբություն սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է և վեհարանը հանձնելու է վեհի»։

Իրավապահները, ինչպես հայտնել էինք, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ են իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:

Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը: Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գևորգ Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան:

ԱԱԾ-ն Միքայել Աջապահյանին կոչ էր արել չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող խմբին:

Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:

Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ…»:

Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:

Հայտնել էինք նաև, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ձերբակալելու որոշումը իրականացնելու համար Մայր աթոռ մեկնած Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում էին կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դուրս էր եկել Մայր Աթոռից և ոտքով ուղևորվել Երևան՝ Քննչական կոմիտե: Ճանապարհին երթի մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

You may also like...