Ոստիկանապետն ու Իրանի փոխդեսպանը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ պայքարի համագործակցության հարցեր
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը հունիսի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։
ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ փոխդեսպան Թահերին շնորհավորել է Արամ Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ հանդիպումն արտահայտում է երկու բարեկամ երկրների փոխգործակցության խորացման հանձնառությունը:

«Արամ Ղազարյանն իր հերթին ընդգծել է երկու երկրների իրավապահ կառույցների միջև ձևավորված կայուն ու գործընկերային հարաբերությունները՝ շեշտելով, որ դրանք հիմնված են պատմական և բարեկամական արժեքների վրա։ Ոստիկանապետը վերահաստատել է այդ համագործակցությունը՝ զարգացնելու պատրաստակամությունը։

Երկուստեք կարևորվել է իրավապահ կառույցների միջև կապերի առավել ակտիվացման, ինչպես նաև անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հավելյալ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
