Գյումրու համայնքապետ՝ Վարդան Ղուկասյանն այսօր բացակայել է Շիրակի մարզխորհրդի նիստից
Հուլիսի 8-ին կայացած Շիրակի մարզային խորհրդի նիստին մասնակցեցին մարզի 6 համայնքի 5-ի ղեկավարները: Իսկ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը ներկա չէր: Նիստին չմասնակցեց նաև համայնքապետարանի որևէ ներկայացուցիչ:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ ինչպես մյուս բոլոր համայնքապետերը, Գյումրունը ևս պատշաճ իրազեկված է եղել: Այս նիստին ներկա լինելը յուրաքանչյուր համայնքապետի պարտականությունն է:
«Մենք պատշաճ հրավիրել ենք, ծանուցել ենք, չներկայանալը չեմ կարող մեկնաբանել: Չեմ կարծում, որ նման աշխատաոճը լծակներով պատժելու կարիք ունի, էստեղ փոխադարձ հարգանքի մասին է խոսքը:
Մարզպետարանը որպես վերադաս մարմին և Կառավարության ներկայացուցիչ, բնականաբար ունի հնարավորություն հարգանքին պատասխանել հարգանքով, անարգանքին՝ անարգանքով»,- ասաց Առուշանյանը:
Ղուկասյանը մշտապես հայտարարել է՝ եթե մարզպետարանից իրեն կանչեն, հրավիրեն՝ կգնա: Հիմա նիստին հրավիրվել է, բայց չի ներկայացել: Ինչպես կարելի է հասկանալ:
Առուշանյանն իրեն ուղղված հարցին ասաց՝ հրավիրվել են բոլոր համայնքների ղեկավարները, չգալու հարցի պատասխանը գուցե Ղուկասյանը կունենա:
«Անմեղության կանխավարկածն էլ հիմա չխախտենք, գուցե այլ միջոցառումներ կան, ամեն դեպքում մարզխորհրդի նիստը պատշաճ ծանուցվել է ժամանակի մեջ և բոլոր համայնքների ղեկավարներն իմացել են, որ այսօր նիստ կա, որին մասնակցելը կարևոր է, նույնիսկ պարտադիր»,- ասաց մարզպետը:
Դրսում միմյանց բարևո՞ւմ են Առուշանյանն ու Ղուկասյանը:
Մարզպետն ասաց՝ Գյումրիում որևէ մեկի հետ ինքը խնդիր չունի:
«Ես որևէ մեկի հետ Շիրակի մարզում և Գյումրիում խնդիր չունեմ, բարևն Աստծունն է, բոլորս էլ իրար բարևում ենք: Վստահ եմ, որ նման խնդիր չեմ էլ ունենալու: Ես գյումրեցի եմ, լեննականցի եմ, շփվում եմ բոլորի հետ անխտիր»,- ասաց Դավիթ Առուշանյանը:
