Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել կրթական հաստատությունների կառուցման, վերակառուցման աշխատանքների համար
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ԿԳՄՍ նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցների միջև և 3 մլրդ 134 մլն 615 հազար դրամ հատկացրել 2023 թ. ավարտվող շինարարական ծրագրերի համար: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մեծածավալ ծրագրերից 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շենքային պայմանների ապահովման ծրագրերի շրջանակում մի շարք ծրագրեր կան մոդուլային դպրոցների և մանկապարտեզների հետ կապված:
«Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ ունենք 25 հաստատություններ, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են Դեղձուտում և Արգինայում, ևս 9-ինն ավարտվում է այս տարի, որոնց համար լրացուցիչ հատկացումներ են նախատեսված այս նախագծով: Ընդ որում, Կաթնաղբյուրի դպրոցը, որը ներառված է այդ հատկացումների ցանկում, արդեն իսկ աշխատանքների ավարտ է գրանցել, և դպրոցը նորակառույց շենքում է այս տարվանից աշխատում: Ընդհանուր առմամբ, մոդուլային դպրոցները սպասարկելու են շուրջ 3272 աշակերտի և ծառայելու են ոչ միայն որպես կրթական հաստատություններ, այլև որպես համայնքային կենտրոններ:
Մոդուլային մանկապարտեզների կառուցման ծրագրում ունենք 19 հաստատություն, որից 4-ի շինարարական աշխատանքներն ավարտվում են այս տարի, 2-ի մասով նախատեսված են հատկացումներ, որոնք ներառված են այս նախագծում: Ընդհանուր առմամբ, մոդուլային մանկապարտեզները սպասարկելու են շուրջ 2842 նախադպրոցական տարիքի երեխաների»,- ասել է նախարարը: Նշվել է նաև, որ որոշումը վերաբերում է նաև դպրոցների մարզադահլիճների կառուցման և վերակառուցման ծրագրերին՝ 15 դպրոցի մարզադահլիճի կառուցում և 9 դպրոցների մարզադահլիճների վերակառուցում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ կավարտվեն նաև Երևանի մնջախաղի թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2019 թ.-ին: Նախարարը նշել է նաև, որ որոշմամբ վերաբաշխման արդյունքում առաջացող մնացորդը՝ 1 մլրդ 868 մլն դրամի չափով, նախատեսվում է ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է, որ շարունակվում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագրի իրականացումը: Վարչապետն ընդգծել է նաև, որ այս պահի դրությամբ արդեն ավարտվել են շարք դպրոցների շինաշխատանքները: Կառավարության ղեկավարը ներկայացրել է կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները: Նշվել է նաև, որ կան դպրոցներ, որոնց գույքային որոշակի խնդիրները կլուծվեն մինչև տարեվերջ:
Ներկայացնելով կառուցվող մարզադահլիճների ցանկը՝ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել այն փաստը, որ դպրոցներն ի սկզբանե մարզադահլիճներ չեն ունեցել: «Այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն իսկ նորոգված են և շահագործման են հանձնված, այդ դպրոցների հզորությունը թույլ է տալիս ընդունել 14 700 աշակերտ: 300 դպրոցի ծրագիրը բավական լավ տեմպերով ընթանում է»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ կարևորելով այդ ուղղությամբ բալանսավորված և համակարգված աշխատանքների հետագա իրականացումը:
Այդ համատեքստում վարչապետը հետաքրքրվել է ապօրինի գույքի բռնագանձման քրեական գործերից՝ Երևանի 24 մանկապարտեզների վերաբերյալ: Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան նշել է. «Մի փոքր տեղեկատվություն տրամադրեմ երկու ուղղությամբ իրականացվող աշխատանքների կապակցությամբ: Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են: Այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզների՝ թիվ 132, 147, 159 և 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի պաշտպանության հայցերից բացի, այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:
Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաև Երևանի քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող ընդհանուր թվով 13 մանկապարտեզների կադաստրային գործերը: Բացի դա, Երևան քաղաքի 14 մանկապարտեզների օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ: Դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոն վարչական շրջանում գտնվող 7 մանկապարտեզ, Դավիթաշեն վարչական շրջանում 1-ը և Շենգավիթ վարչական շրջանում 1 մանկապարտեզ:
Գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչությունում մանկապարտեզների օտարման դեպքերի օտարման ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով օտարելուն: Ուստի, քննության առարկան օտարման հանգամանքները, օտարման վերաբերյալ սահմանափակումների առկայությունն իրավասու պաշտոնատար անձանց շրջանակը և վերջնական վնասի չափը պարզելուն և համայնքին պատճառված վնասը վերականգնելուն է ուղղված»:
Աննա Վարդապետյանը նշել է նաև, որ ուսումնասիրություններ են իրականացվում նաև մարզերում: «Սրանք 3 տարբեր գործընթացների շրջանակում են իրականացվում: Դրանք քրեական վարույթներն են, որոնք մենք դիտարկում ենք վնասի վերականգնման գործընթացը, դրանք պետական շահերի պաշտպանության հայցերն են, որոնք կամ մանկապարտեզի արժեքի, կամ մանկապարտեզի ենթակառուցվածքի առարկան են դիտարկում՝ եթե հնարավորություն կա վերադարձնել: Կան իրավիճակներ, որ մանկապարտեզները դարձել են, օրինակ՝ բազմաբնակարան շենքեր կամ հասարակական նշանակության վայրեր, որոնք այլևս որպես մանկապարտեզ օգտագործել հնարավոր չէ: Եվ իհարկե, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակներում են մանկապարտեզները որպես հայցի առարկա դիտարկվում: Գործընթացը շարունակական է և գտնվում է դատախազության ուշադրության ներքո:
Գործող մանկապարտեզներ չկան: Բոլորը նախկին մանկապարտեզներ են, որովհետև նպատակը, պարոն վարչապետ, դրանք որպես մանկապարտեզ օգտագործելը չի եղել: Դրանք գտնվել են քաղաքի բավական եկամտաբեր հատվածներում, նպատակ են ունեցել ավելի մեծ բիզնես հետաքրքրություն բավարարելու: Դա է պատճառը, որ լուծարման գործընթացի արդյունքում շատ էժան գնով ուղղակի որոշակի շրջանակի անձանց սեփականությունն են դարձել»,-ասել է Գլխավոր դատախազը:
