Տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետների հանդիպումը. Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է (լուսանկարներ, տեսանյութ)
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի և Բելգիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Բարտ Դը Վեվերի հանդիպումը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության դինամիկ բնույթից և կարևորել առևտրատնտեսական գործընկերության զարգացման, ներդրումների, բիզնես կապերի ընդլայնման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Բելգիայի վարչապետը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ վարչապետի Բրյուսել այցը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է հայտնել այսօր տեղի ունեցած հանդիպումների արդյունքներից և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ զարգացնելու գործակցությունը ԵՄ-ի հետ, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ առաջմղման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը և Բարտ Դը Վեվերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բրյուսել ավարտվել է:
