Տեղի է ունեցել «Հայաստան-դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան-Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան:

50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:
