Դիպլոմը ստանում, հետո գնում են հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը. Փաշինյան
«Մեր կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից է, որ սկզբից գնում են, դիպլոմն ստանում, հետո գնում են, հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը գործնականում»։
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մարդը դիպլոմն ստացավ, առնվազն կրտսեր մասնագետի մակարդակի պետք է այդ հմտությունն ունենա, որ ցանկացած հիմնարկ այդ դիպլոմը տեսնելիս լրացուցիչ չմտածի՝ տանեմ, տեսնես կարող է, թե չէ»,- ասաց վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ մասնավոր ընկերությունները իրենց առանձին ուսուցման կենտրոններն են ձևավորել, որը հնարավորություն չի տալիս այն արդյունավետությունն ապահովել, ինչը կլինի պետության հետ համագործակցության արդյունքում.
«Մենք ուզում ենք, որ մասնավորի մասնագետների դասավանդումը նաև լինի, որպեսզի գործնական հմտությունների ուսուցում լինի։
Ուզում ենք, որ կրթական ծրագրերի բովանդակությունը մասնավորի հետ համատեղ նախագծվի, որպեսզի հենց այն հմտություններն ուսուցանենք, որ հետո, օրինակ, իրենք իրենց ուսուցման կենտրոններում 6 ամիս ուսուցանում են նոր աշխատանք սկսող մասնագետներին»։
