Գյումրիում կալանավորվել է թմրամիջոց տեղադրող օտարերկրացի (տեսանյութ)

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրյա քաղաքացի մի երիտասարդ ձեռք բերում և Գյումրի քաղաքի տարբեր վայրերում փաթեթներով տեղադրելու միջոցով իրացնում է թմրամիջոց։

Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 22-ին: Երեկոյան ժամը 20:00-ին Գյումրու Գորկու անվան կենտրոնական զբոսայգում տեսնելով իրեն մոտեցող ոստիկաններին` 24-ամյա երիտասարդը դիմել է փախուստի:

Հետապնդումը կարճ է տևել: Հասնելով Տերյան փողոց` երիտասարդը փախչելիս մի քանի փաթեթ է գցել բակերից մեկում, ապա բռնվել ու ձերբակալվել։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փաթեթ` ընդհանուր մոտ 14 գրամ մարիխուանայով: Նա հայտնեց, որ մարիխուանան իրացնելու նպատակով ձեռք է բերել Տելեգրամ հավելվածի միջոցով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են նաև զբոսայգում երիտասարդի տեղադրած հինգ և փախչելիս նետած ութ փաթեթները։

24-ամյա օտարերկրացին կալանավորվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

You may also like...