ԱՄՆ «աննախադեպ» սահմանափակումներ է սահմանել Իրանի պատվիրակության նկատմամբ. Բաղաեի

ԱՄՆ-ի սահմանած վիզային սահմանափակումները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցող իրանական պատվիրակության նկատմամբ, աննախադեպ են: Այդ մասին, ըստ Tasnim լրատվական գործակալության, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին:

«Նյու Յորքում ՄԱԿ-ի նիստերին մասնակցող Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունների համար վիզային սահմանափակումները նորություն չեն, բայց այս անգամ դրանք ​​աննախադեպ են և ակնհայտորեն հակասում են Միացյալ Նահանգների՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր կենտրոնակայանը հյուրընկալող երկրի պարտավորություններին»,- ասել է Բաղաեին։

Նա հայտնել է, որ տրամադրվել են սահմանափակ քանակությամբ վիզաներ, սակայն Նյու Յորքի և Ժնևի գործընկերներից լրացուցիչ մանրամասներ դեռևս չեն ստացվել։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան և մյուս միջազգային համաժողովներն օգտագործում է իր դիրքորոշումը հստակեցնելու և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մյուս երկրների հետ բանակցելու համար»,- բացատրել է արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Բաղաեին ընդգծել է, որ պատվիրակությունը Նյու Յորք կատարած այցի ընթացքում նախատեսում է եվրոպական երկրների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չեղյալ հայտարարված բանաձևերի վերականգնման հարցը։

You may also like...