Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, մասնավորապես՝ ոլորտային ռազմավարությունների մշակմանն, անապահովության գնահատման համակարգի վերանայմանը, խնամատարության ինստիտուտի զարգացմանը, երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։

Բարձր գնահատելով հիմնադրամի հետ տարիների համագործակցությունն ու իրականացված ծրագրերի արդյունավետությունն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտել է կազմակերպության դերը՝ հատկապես 2020 թ․ պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և ՀՀ-ում գտնվող երեխաների աջակցության տրամադրման գործում։

Անդրադառնալով նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ նախարարն ընդգծել է Աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-2026 թթ․ համապարփակ ռազմավարության մշակման ուղղությամբ՝ հիմնադրամի հետ համատեղ իրականացվող աշխատանքների կարևորությունը․

«Բացի ռազմավարության մշակման աշխատանքներից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը նախարարությանն աջակցել է նաև անապահովության գնահատման համակարգի, «Սոցիալական աջակցության մասին» օրենքի վերանայման և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնությունների հարցում ևս։ Կազմակերպության անմիջական և գործուն աջակցությամբ՝ իրականացվում են ծրագրեր նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների բարելավման ուղղությամբ»։

Քրիստինե Վայգանդի խոսքով՝ ԱՍՀՆ հետ համագործակցությունը բազմոլորտ է, որոնցից ամենակարևոր ուղղությունը սոցիալական ռազմավարության մշակումն է․

«Նախարարության հետ համատեղ իրականացված աշխատանքները շատ լավ պրակտիկա էին մեզ համար։ Մենք պատրաստակամ ենք շարունակել օժանդակել նախարարությանը ինչպես համապարփակ ռազմավարության իրականացման, այնպես էլ Միասնական սոցիալական ծառայության ռազմավարության մշակման հետ կապված աշխատանքներում»։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

You may also like...