Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Իրանի միջուկային խնդիրը

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Իրանի և Ֆրանսիայի նախագահները: Մասուդ Փեզեշքիանն ու Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել երկկողմ հարաբերությունների և Իրանի միջուկային խնդրի շուրջ:

Իրանի նախագահի գրասենյակի տվյալով՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր չԷ միջուկային զենք մշակել: Նա պատրաստակամություն է հայտնել միջուկային խնդրի շուրջ Եվրոպական կողմերի հետ բանակցություններ վարել ընդունելի շրջանակներում:

Մակրոնն էլ պատրաստակամություն է հայտնել աշխատել իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Փարիզը հաստատակամ է Իրանի հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու և հետագա հակամարտությունները կանխելու հարցում:

Հանդիպումից հետո Մակրոնը X-ի իր էջում գրել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա: Նա հիշեցրել է. հաշվի առնելով Իրանի կողմից իր միջուկային պարտավորությունները չկատարելը՝ Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան որոշում են կայացրել ակտիվացնել snapback մեխանիզմը և այդպիսով կրկին պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

You may also like...