ԲՏԱ և Հունաստանի թվային կառավարման նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր կա. այն առաջիկայում կստորագրվի

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսի հետ:

Ինչպես հայտնել է դեսպանությունը, հանդիպմանը կողմերն անդրադարձել են 2024 թ․ դեկտեմբերին հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության թվայնացման, նոր տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիայի և գիտության ոլորտում նախատեսված համագործակցության առաջընթացին։

Ընդգծվել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հունաստանի թվային կառավարման նախարարության միջև համաձայնեցված է փոխըմբռնման հուշագիր, որը կստորագրվի առաջիկա այցելություններից մեկի ընթացքում։

Կողմերը համաձայնվել են, որ Հայաստանի և Հունաստանի կառավարությունները բարձր տեխնոլոգիաների զարգացումը համարում են ռազմավարական առաջնահերթություն և օրակարգային կարևորություն ունի այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության զարգացումը։

590418170_1281119590716487_5031788194129587632_n.jpg (110 KB)

Դեսպան Մկրտչյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրում բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում՝ արձանագրելով երկնիշ տնտեսական աճ։

Որպես Հայաստանի բարձր վարկանիշի ցուցիչ է հանդիսանում նաև այն փաստը, որ օրինակ ընդամենը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների Firebird-ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարել է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։

Դեսպանը նաև ներկայացրել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կոնցեպտը, որը Հայաստանից արտահանվող բարձր տեխնոլոգիական կրթության միջազգայնորեն հաջողված բրենդ է և արդեն աշխարհի մի շարք մեծ և փոքր քաղաքներում է գործում։

Հունաստանի թվային կառավարման փոխնախարար Խրիստոս Դերմենցոպուլոսը մեծ հետաքրքրությամբ է արձանագրել Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցություն ծավալելու առաջարկություններին և խոստացել առաջիկայում հավելյալ քննարկումներ կազմակերպել այդ առնչությամբ։

Հանդիպմանը ներկա է գտնվել Հունաստանի թվային կառավարման նախարարի դիվանագիտական խորհրդական Ալեքսանդրոս Բուդուրիսը, ով բարձր է գնահատել DEFEA 2025 ի ցուցահանդեսին հայկական պատվիրակության և հայկական ընկերությունների մասնակցությունը։

You may also like...