Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը. ՄԻՊ

Հայաստանում բռնությունից զերծ միջավայրի ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվող մշտադիտարկման արդյունքները վկայում են, որ Հայաստանում բռնության տարատեսակ դրսևորումները բազմաթիվ են։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում։

Աներկբա է, որ բռնության յուրաքանչյուր դեպքով անհրաժեշտ է ողջամիտ ժամկետում իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն, իսկ մեղավոր անձինք պատասխանատվություն կրեն։

Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրում է, որ նշվածն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։

Ստանձնած պոզիտիվ պարտականությունների շրջանակում պետությունը պետք է ձեռնարկի անհրաժեշտ և բավարար միջոցներ բռնության յուրաքանչյուր դեպք կանխարգելելու ուղղությամբ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է նաև, որ Հայաստանում առկա հանրային միջավայրն ուղղակիորեն նպաստում է բռնության տարատեսակ դրսևորումների տարածմանը: Ընդ որում՝ խոսքը ոչ թե առանձին գործիչների գործունեությանը, այլ հանրային գործունեություն իրականացնող դերակատարների գերակշռող մեծամասնությանն է վերաբերում:

Ուստի օրակարգային անհրաժեշտություն է և այն, որպեսզի լրջագույն փոփոխություններ կատարվեն հանրային գործունեության մշակույթի, այդ թվում՝ հանրային խոսույթի տրամաբանության բնագավառում:

Նշվածի հաշվառմամբ՝ Պաշտպանը վերստին հաստատում է իր հանձնառությունը՝ համագործակցելու բոլոր դերակատարների հետ բռնության ցանկացած ձևի կանխարգելմանն ուղղված գործիքակազմեր մշակելու և ներդնելու հարցում։

Պաշտպանն ընդգծում է, որ բարձրացված հարցի ուղղությամբ միջոցներ ձեռնարկելը կրում է օրակարգային բնույթ, և դրա հապաղումը սպառնալիք է հանրային անվտանգությանն ու ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

You may also like...