Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

«Կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի՝ լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11 հազար 500 բաժանորդները»։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:

«Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել Անվտանգության և վերահսկողության տնօրինության և Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրականացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։

Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված կրած անհարմարությունների համար։

Միևնույն ժամանակ արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար։

Հայտնում եմ նաև, որ ՀԷՑ-ը նախատոնական և տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երևանի բոլոր Շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի բոլոր էլցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը և հարկ եղած դեպքում օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման և էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները՝ բացառությամբ վթարային հնարավոր իրավիճակով պայմանավորված պլանայինների։

Ուրախ Ամանոր եմ մաղթում մեր քաղաքացիներին»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։

You may also like...