Տնտեսական և տրանսպորտային տեսանկյունից պարտվողներ չեն լինի. Ալիև
Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ ենթակառուցվածքային աշխատանքներ կկատարվեն նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։
Այդ մասին հունվարի 5-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքերով՝ Հայաստանը միայն կշահի դրանից․
«Հայաստանը կարող է և դուրս կգա ներկայիս փակուղային վիճակից։ Կբացվեն ճանապարհները Ադրբեջանի և Հայաստանի միջև։
Կբացվեն ճանապարհներ Թուրքիայի և Հայաստանի միջև։ Հայաստանը Նախիջևանի միջոցով կստանա մուտք դեպի Իրանի երկաթուղիներ, իսկ Ադրբեջանի միջոցով՝ դեպի Ռուսաստանի երկաթուղիներ։
Այսինքն՝ դա շահավետ է նաև Հայաստանի համար։ Այստեղ չպետք է լինի պարտվող կողմ։ Ամեն դեպքում, տնտեսական և տրանսպորտային տեսանկյուններից պարտվողներ չեն լինի։
Եթե ինչ-որ մեկը իրեն քաղաքական տեսանկյունից պարտվող է համարում, ապա, ինչպես ասում են, դա նրա խնդիրն է։ Սակայն եթե յուրաքանչյուրն այս հարցին նայի պրագմատիզմի տեսանկյունից, կկարողանա տեսնել իր համար օգտակար կողմերը»։
