Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ընթացքը շարունակվում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 13-ին՝ ժամը 10։00-ին, և շարունակվելու է մինչև 20։00-ը։




Առաջին փուլի քվեարկությունը կազմակերպվել է կուսակցության կենտրոնական գրասենյակում, 2026 թվականի փետրվարի 13-15-ը ներառյալ՝ ժամը 10։00-20։00-ը։
Քվեաթերթիկում ընդգրկվել են ՔՊԿ վարչության գրանցած բոլոր թեկնածուների անունները։ Քվեարկելու իրավունք ունեն համաժողովի պատվիրակները:



Առաջին փուլի քվեարկության արդյունքներով հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուները իրավունք կստանան մասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը։
Հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների ցանկը կձևավորվի ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված, նվազ ներկայացված սեռի քվոտաները լրացնելու համար անհրաժեշտ թվով առավելագույն ձայներ ստացած, նվազ ներկայացված սեռի թեկնածուների ներառմամբ այնպես, որ հիսուն առավելագույն ձայն ստացած թեկնածուների անվանական ցանկը համապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված չափանիշներին։




Եթե առաջին փուլի քվեարկության արդյունքներով առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկի հիսուներորդ հորիզոնականում հայտնվում են հավասար ձայներ ստացած մեկից ավելի թեկնածուներ, ապա առավելագույն ձայներ ստացած թեկնածուների ցանկում ներառվում են այդ հորիզոնականում գտնվող հավասար ձայներ ստացած բոլոր թեկնածուները:
