Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում ծանրամարտի աշխարհի չեմպիոն ունեցանք. Կարեն Գիլոյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձել է Երևան:

Վերջին անգամ 2019 թվականին Սիմոնը, որ դարձավ աշխարհի չեմպիոն, ես էլի այնտեղ էի, բայց եթե Սիմոնն այդ ժամանակ ֆավորիտ էր և հաղթանակը կասկած չէր հարուցում, այս անգամ դատելով այն բանից, որ այնուամենայնիվ, հավաքականը իր լավագույն մարզավիճակում չէ, այստեղ մտավախություն կար, որ կարող է նաև ինչ-որ բան այնպես չգնալ:

Այս մասին օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

«Այս առաջնությանը թիմը կատարյալ պատրաստ չէր, ու դա էին վկայում զրոներն ու վնասվածքները:

Հետո ընթացքն էլ ցույց տվեց, որ մրցակցությունը շատ ուժեղ է լինելու, հատկապես Իրաքի երիտասարդ ներկայացուցչի երիտասարդական ռեկորդների տեղատարափը սկսեց մտավախություն առաջացնել, և հետո ԻԻՀ երկու հզոր տղաների մասնակցությունը»,- նշեց Գիլոյանը:

Վերջինս անդրադարձավ նաև մի շարք մասնագիտական մանրամասների՝ նշելով.

«Վարազդատը երկրորդ մոտեցման ժամանակ մի քիչ թպրտացրեց սրտերս, զարկերակի բաբախումն արագացավ, բայց հաջորդ մոտեցմամբ ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում:

Պատմության մեջ առաջին անգամ գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք ծանրամարտի: Շնորհավորում եմ բոլորիս. լավ եզրափակում էր տարվա»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարարը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունքով (215+252 կգ) ոսկե մեդալ է նվաճել Բահրեյնում կայացած աշխարհի առաջնության գերծանր քաշայինների պայքարում՝ կարիերայում առաջին անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի կոչմանը:

You may also like...