ԱԱԾ-ն չի մեկնաբանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իրականացված ակցիաները
Աշխատավարձի բարձրացման պահանջով կոմբինատի աշխատակիցների մի մասը 2025 թվականի փետրվարի սկզբից բողոքի ակցիաներ էին սկսել, որոնք տևել էին մոտ 10 օր։
Ընկերության ղեկավարության տվյալներով` այդ ակցիային 4600 աշխատակցից մոտ 200-ն է մասնակցել։
Փետրվարի 11-ին ԶՊՄԿ–ն հայտարարեց, որ կոմբինատը կրկին սկսել է գործել։
Sputnik Արմենիան այս հարցի շուրջ մի քանի հարց է ուղարկել ԱԱԾ։ Մասնավորապես, մենք հետաքրքրվել ենք` արդյոք ստեղծված իրավիճակը համարվում է սպառնալիք ՀՀ անվտանգության համար, ակցիաները սաբոտա՞ժ էին, թե՞ գործադուլ, տեղեկություն կա՞ 3-րդ ուժերի կամ երկրների հնարավոր ներգրավվածության մասին։
«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է նախաքննություն, ուստի հայցվող տեղեկատվությունը ստանալու համար առաջարկվում է դիմել վարույթն իրականացնող մարմին»,– նշել են ԱԱԾ–ից։
ԶՊՄԿ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ակցիաների ժամանակ հայտարարել էր, որ տարբեր ուժեր ցանկանում են բողոքներ հրահրելով օգտագործել իրավիճակն ու աշխատակիցներին` կոմբինատի ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար։
Կոմբինատի ներկայացրած հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնիրավչության հոդվածով։ Հաղորդումներում մասնավորապես, նշվել է, որ գործադուլ անողներից ոմանք կապ չունեն ընկերության հետ, ընդգրկված չեն դրա կազմում և անգամ չեն բնակվում Քաջարանում կամ Կապանում։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ավելի վաղ հայտնել էր, որ օրինազանց աշխատակիցների և ԶՊՄԿ–ի հետ չառնչվող քաղաքացիների գործողությունների հետևանքով ընկերությունն օրական մոտ 400 մլն դրամի վնաս է կրել։
2024 թ. ընթացքում ՀՀ ամենախոշոր հարկատուն` ԶՊՄԿ–ն, 101 մլրդ 967 մլն դրամ հարկ է վճարել պետական բյուջե։
ԶՊՄԿ–ն աշխատակիցների գործադուլից հետո հրապարակել էր նրանց աշխատավարձերի չափը։ Այսպես, ԶՊՄԿ–ում հարստացուցիչ ֆաբրիկայի Ֆլոտատորի աշխատավարձը տատանվում է 399,470-594,099 դրամի սահմաններում, փականագործներինը` 329,918-580,003 դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողները ստանում են 359,856-609,491 դրամ աշխատավարձ։
ԶՊՄԿ–ի Հանքանյութի մանրացման և փոխադրման արտադրամասում կոնվեյերավարները ստանում են ամսական 450,090-480,060 դրամ աշխատավարձ, իսկ էլեկտրագազաեռակցողները` 362,789-614,809 դրամ աշխատավարձ։ Նշվում է, որ ծանր բեռնատարների վարորդների վարձատրությունը կատարվում է գործարքային համակարգով (կմ/երթ), սակայն միջին ամսական աշխատավարձը (ներառյալ հարկերը) 90 տոննա տեղափոխման դեպքում կազմում է 1,140,151 դրամ, 130 տոննայի դեպքում` 1,372,247 դրամ, 180 տոննա տեղափոխած աշխատակիցը ստանում է 1,672,215 դրամ աշխատավարձ։
Նշենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 290 հազար դրամից մի փոքր ավելի է։
