Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել (լուսանկարներ, տեսանյութեր)
Մայիսի 28-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել է ուժեղ պտտահողմ, և տեղացել է խոշոր չափերի կարկուտ։


Ուժեղ պտտահողմն Արթիկ քաղաքի Բաբաջանյան փողոցում վնասել է տանիքներ, արմատախիլ է արել ծառեր։
Կարկուտի պատճառով Արթիկ համայնքի Արևշատ, Սարալանջ, Նահապետավան, Հառիճ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ գյուղերում և մասամբ նաև Գեղանիստում վնասվել են մրգատու այգիներ, հացահատիկային կուլտուրաների ցանքատարածություններ։


Արթիկ համայնքի ղեկավարի հանձնարարությամբ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկա պահին տեղում ուսումնասիրում է պտտահողմի և կարկուտի պատճառած նախնական վնասները։



Համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվելու է հանձնաժողով՝ վնասի չափերն ուսումնասիրելու նպատակով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արթիկի տարածաշրջանում տորնադո է տեղի ունեցել, որը Հայաստանի համար արտառոց մթնոլորտային երևույթ է համարվում։
Տորնադոն Նահապետավան գյուղում ուղեկցվել է կարկուտով։
