Զրահապատ մեքենան, 300 մետր խախտումն ու Վարդան Ղուկասյանը. «բեմական վարպետության» մաստեր կլասը շարունակվում է

Գյումրու քաղաքապետարանի «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարություն է տեղադրվել, որում ասում է, թե Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի զրահապատ ավտոմեքենան պարեկային ծառայության 4 ավտոմեքենա հետապնդել է, երբ քաղաքապետն իր տնից ուղևորվել է աշխատանքի՝ Գյումրու քաղաքապետարան։

Նշվում է, որ նրա տնից մինչև քաղաքապետարան հեռավորությունը 300 մետր է, և երթևեկության կանոնների խախտում այդտեղ անհնար է կատարել։

«Ուստի ՀՀ ՆԳՆ-ի տարածած հայտարարությունը, թե մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումով, բացարձակ սուտ է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նկատենք՝ հիշյալի կապակցությամբ «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել էին, որ նշված մեքենան վարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով (մեքենան տեխզննում անցած չի եղել), ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, և ժամանակ է տրվել՝ մյուս խախտումը վերացնելու համար։ Խոսքն այն մասին է, որ մեքենան զրահապատ է:

Հետաքրքիր է՝ Վարդան Ղուկասյանը չի՞ հասկանում, որ մեքենայի տեխզննում անցած չլինելը և տեխնիկական անձնագրում էլ մեքենայի զրահապատ լինելու փաստը արձանագրած չլինելը նշանակում է մենքենան շահագործել խախտումներով, և առհասարակ տարբերություն չկա՝ 300 մետր այդպես վարես, թե 3000:

Ղուկասյանը հավանաբար սա շատ լավ հասկանում է, պարզապես լավ առիթ է՝ ևս մեկ անգամ «բեմական վարպետությամբ» ցույց տալու, թե իբր իր դեմ քաղաքական հաշվեհարդար են տեսնում:

You may also like...