Հյուսիսային Իռլանդիայում անկարգություններ են սկսվել սուդանցի փախստականի՝ դանակով հարձակումից հետո
Հյուսիսային Իռլանդիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բելֆասթում, բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Ցուցարարների թիրախում են եղել ներգաղթյալները, ավելի հաճախ՝ սևամորթները, որոնց դեմ հայտարարություններ են հնչեցրել, հրկիզվել են շենքեր ու մեքենաներ, փակվել են ճանապարհներ:
Բողոքի պատճառը 30-ամյա սուդանցի փախստականի գործողությունն է: Խոհանոցային դանակով նա Բելֆասթում հարձակվել է մի տղամարդու վրա և լուրջ վնասվածքներ պատճառել նրան, նախքան անցորդները կարողացել են զսպել հարձակվողին ու պահել մինչև ոստիկանության ժամանումը։
Տուժածը ծանր վիճակում է, կորցրել է աչքը, վնասվածքներ ստացել դեմքին ու մեջքին։
Սուդանցին, որը մինչև 2028 թվականը Մեծ Բրիտանիայում բնակության թույլտվություն ունի, մեղադրվում է սպանության փորձի, հասարակական վայրում զենք կիրառելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։
Տեղի իշխանությունը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և միջադեպը չօգտագործել որպես անմեղ բնակիչներին ահաբեկելու պատրվակ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է ինչպես դանակով հարձակումը, այնպես էլ դրան հաջորդած անկարգությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
