Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են ճանաչել Պաղեստինը. Guardian
Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի հետ քննարկում է Պաղեստինի ճանաչման հարցը: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա արդեն 2025 թվականի ամռան սկզբին: Ինչպես գրում է բրիտանական The Guardian-ը՝ այս քայլը կարող է համընկնել «երկու ժողովուրդ երկու պետություն» ծրագրի իրականացմանը նվիրված միջազգային համաժողովի հետ, որը կազմակերպվելու է ՄԱԿ-ի հովանու ներքո՝ հունիսի 2-4-ը:
Ինչպես նշում է թերթը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամների կողմից Պաղեստինի ճանաչումը կարող է նոր խթան հաղորդել պաղեստինա-իսրայելական կարգավորման ոլորտում ջանքերին, սակայն դրա ճանապարհին կան բազմաթիվ դիվանագիտական խոչընդոտներ։ Հիմնականներից մեկը կլինի Իսրայելի դիմադրությունը, որի ղեկավարությունը կարծում է, որ Պաղեստինի ճանաչումը կամրապնդի Համասի և Իրանի դիրքերը։
Ավելին, ինչպես Լամմին է ընդգծել իր ելույթում, Լոնդոնը չի ցանկանում, որ Պաղեստինի ճանաչումը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից լինի զուտ խորհրդանշական ժեստ։ Նրա խոսքով՝ նման քայլը պետք է ձեռնարկվի այն ժամանակ, երբ այն կարող է առավելագույն ազդեցություն ունենալ՝ դեպի լավը փոխելով տարածաշրջանի իրավիճակը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Փարիզը կարող է ճանաչել Պաղեստինի պետականությունը հունիսին։ Ավելի վաղ, 2024 թվականին, Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացմանը զուգընթաց, Իռլանդիայի, Իսպանիայի և Նորվեգիայի իշխանությունները հայտարարեցին Պաղեստինը ճանաչելու մասին։ Իսրայելը պատասխանեց դրան՝ հայտարարելով Դուբլինից, Մադրիդից և Օսլոյից իր դեսպաններին խորհրդակցությունների համար հետ կանչելու մասին։
