Մոսկվան ստացել է ԱՄՆ խաղաղության պլանի տեքստը՝ 28 կետով. այն կարող է դառնալ խաղաղ կարգավորման հիմք. Պուտին
ԱՄՆ խաղաղության պլանը, որը ներկայացրել է Դոնալդ Թրամփի վարչակազմը, կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման հիմք։ Այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
Ռուսաստանը, ըստ Պուտինի, ստացել է ԱՄՆ խաղաղության պլանի տեքստը, բայց այն մասնագիտական մակարդակով ռուսական կողմի հետ չի քննարկվել։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը պլանը չի քննարկել ՌԴ-ի հետ, քանի որ Ուկրաինան դեռ իր համաձայնությունը չի տվել այդ առաջարկներին։
«Մենք տեսնում ենք, որ Ալյասկայում կայացած բանակցություններից հետո ամերիկյան կողմից որոշակի դադար կա։ Եվ մենք գիտենք, որ դա կապված է Ուկրաինայի՝ նախագահ Թրամփի առաջարկած խաղաղ կարգավորման պլանից փաստացի հրաժարվելու հետ։ Կարծում եմ, հենց այդ պատճառով էլ հայտնվեց դրա նոր խմբագրությունը՝ փաստացի արդիականացված պլանը՝ արդեն 28 կետով։
Մենք այդ տեքստը տեսել ենք։ Այն ստացել ենք ԱՄՆ վարչակազմի հետ գոյություն ունեցող փոխգործակցության ուղիներով։ Կարծում եմ, որ այդ պլանը նույնպես կարող է դրվել վերջնական խաղաղ կարգավորման հիմքում։ Բայց կոնկրետ, հիմնավորված ձևով մեզ հետ այդ տեքստը չեն քննարկել։ Եվ կարող եմ ենթադրել՝ ինչու։ Պատճառը, կարծում եմ, նույնն է՝ ԱՄՆ վարչակազմին մինչ այժմ չի հաջողվում ստանալ ուկրաինական կողմի համաձայնությունը։ Ուկրաինան դեմ է։
Ակնհայտ է, որ Ուկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները դեռ մնում են մոլորության մեջ և երազում են մարտի դաշտում Ռուսաստանին մատնել ռազմավարական պարտության։ Կարծում եմ, նման դիրքորոշման հիմքում ընկած է ոչ այնքան նրանց ցածր կոմպետենցիան (այժմ դրա մասին չեմ խոսի), որքան այն, որ նրանք պարզապես չունեն օբյեկտիվ տեղեկատվություն մարտի դաշտում իրական իրավիճակի մասին»,- ասել է ՌԴ նախագահը:
